Գինին և հարսանեկան հանդեսը

Յուրաքանչյուր ոք երազում է, որպեսզի իր ամուսնության օրն անմոռանալի դառնա և երկար տարիների ընթացքում լավագույն հիշողությունների աղբյուր ծառայի: Այդ օրը կարևոր են բոլոր մանրուքները, ամեն բան պիտի մտածված լինի ու համապատասխանի ապագա ամուսինների պատկերացմանը: Քանի որ ամռան ամիսներին է հարսանեկան տոնակատարությունների ամենաբուռն ընթացքը, այս հոդվածով ցանկանում ենք օգնել երիտասարդ զույգերին կողմնորոշվել հարսանեկան հանդեսի համար համապատասխան կարմիր, սպիտակ և պղպջակավոր գինիների ընտրության հարցում: Էլ ի՞նչ հարսանիք առանց ճիշտ ընտրված գինու…

Ձեր նախընտրած գինին

Թվում է թե, հարսանիքին նախապատրաստվելիս Դուք ազատ եք ընտրել ըստ սեփական ճաշակի: Սակայն հիշեք, որ հենց Դուք դժվար թե հասցնեք վայելել Ձեր սիրելի գինին, քանի որ հանդես եք գալու ոչ միայն օրվա հերոսի, այլև տանտիրոջ դերում: Հիշեք, որ ընտրում եք նաև բոլոր հյուրերի համար և աշխատեք անել այնպես, որ կարմիր և սպիտակ գինիները լրացնեն միմյանց` որքան յուրահատուկ է Ձեր նախընտրած կարմիրը, այնքան հանրամատչելի պիտի լինի սպիտակը և հակառակը:

Ինչպիսին է լինելու հարսանեկան խնջույքը

Ինչպես եք նախատեսում անցկացնել Ձեր կյանքի ամենահիշվող օրերից մեկը: Արդյոք ցանկանում եք ավանդական հայկական հարսանիք կազմակերպել, թե հակված եք եվրոպական ոճին, զուսպ հավաքույթին շքեղ ռեստորանում, կամ միգուցե ցանկանում եք երիտասարդական ուրախ կերուխում կազմակերպել, որի ընթացքում հյուրերն ավելի շատ կպարեն, քան սեղանի շուրջ կենացներ կասեն: Ինչ էլ որ ընտրեք, հիշեք, որ գինին պիտի համապատասխանի Ձեր խնջույքի ոճին, քանի որ թանկարժեք հնեցված գինին նույնքան անտեղի կլինի երիտասարդական party-ին, որի ընթացքում քչերն ի վիճակի կլինեն ըստ արժանվույն գնահատել և վայելել այն, որքան հասարակ սեղանի գինին գլամուրային ընդունելությանը:

Երբ և որտեղ է լինելու Ձեր հարսանիքը

Տաք եղանակին մարդիկ հակված են խմելու սպիտակ գինի, իսկ ցրտին` ամենից լավ տաքացնում է կարմիրը` հատկապես հնեցված և հարուստ գինիները: Հարսանեկան հանդեսը փակ օդափոխվող վայրում անցկացնելու դեպքում դեր չի խաղում դրսի ջերմաստիճանը, սակայն ամռանը օրվա որոշակի մասը բացօթյա վայրերում անցկացնելուց հետո, հավանաբար Ձեր հյուրերն ավելի հակված լինեն սպիտակ գինուն: Ամռանը ավելի հաճելի են թեթև գինիները, ամենից լավ կլինի մատուցել նաև վարդագույն գինի, քանի որ այն թարմեցնող ազդեցություն ունի և հեշտ է համադրվում տարբեր ուտեստների հետ:

Որքան գինի է հարկավոր գնել

Բնականաբար, սա ամենակարևոր հարցերից մեկն է: Սովորաբար հաշվարկը կատարվում է այն ակնկալիքով, որ հյուրերից յուրաքանչյուրը խնջույքի ընթացքում ըմպելու է մեկ գավաթ գինի` յուրաքանչյուր ժամվա ընթացքում: Ընդունելով, որ սեղանի շուրջ հավաքվելու է 20 հոգի, մասնագետները խորհուրդ են տալիս դիմել հետևյալ բանաձևին.

Պղպջակավոր գինի` 20 հյուր x 2 բաժակ = 40 բաժակ /8 բաժակ յուրաքանչյուր շշում = 5 շիշ
Սեղանի գինի /կարմիր և սպիտակ/` 20 հյուր x 2 բաժակ = 40 բաժակ / 6 բաժակ յուրաքանչյուր շշում = 7 շիշ
Հաշվարկը կարող է փոխվել, եթե հյուրերի մեծամասնությունը երիտասարդներ են, որոնց օրգանիզմն ու խառնվացքը ավելի մեծ քանակության ալկոհոլ կարող է ընդունել: Բացի այդ, հայկական հարսանիքին ընդունված չէ հյուրերին անհատականորեն սպասարկել և վերոհիշյալ հաշվարկը կարող է սխալ լինել: Գինու ազատ օգտագործման ռեժիմի դեպքում գործում է հետևյալ բանաձևը.
Պղպջակավոր գինի` 20 հյուր x 3 բաժակ յուրաքանչյուրի համար = 60 բաժակ / 8 բաժակ յուրաքանչյուր շշում = 8 շիշ
Սեղանի գինի` 20 հյուր x 3 բաժակ յուրաքանչյուրի համար = 60 բաժակ / 6 բաժակ յուրաքանչյուր շշում = 10 շիշ
Սակայն, հարկ է հիշել, որ հարսանիքը, որի ընթացքում հիմնական ըմպելիքը գինին է լինելու, չի ենթադրում բուռն ու խելակորույս խնջույք` ավելի շատ տրամադրելով գեղեցիկ, զուսպ ու ռոմանտիկ ժամանցի:

Ծախսերը

Եվ այսպես, Դուք ամբողջովին պատկերացրել եք Ձեր ապագա հարսանեկան տոնակատարությունը: Հաշվի է առնվել ամեն մանրուք. հարսանեկան զգեստը, խնջույքի վայրը, ուտեստները, ծաղիկները, սպասքը և իհարկե գինին: Մնում է միայն հաշվարկել այս ամենի արժողությունը: Հավանաբար, գումարը տպավորիչ է: Սակայն հարսանեկան խնջույքից հետո կյանքը շարունակվելու է և Ձեզ գումար անհրաժեշտ կլինի հետագա ճամփորդության, կամ նոր տան համար գնումներ կատարելու համար: Ինչի հաշվին կարելի է կրճատել հարսանեկան ծախսերը: Գաղտնիքը նրանում է, որ գոյություն ունեն գինու տասնյակ տեսակներ և այդ բազմազանության մեջ հնարավոր է ընտրել տարբերակ, որը հարմար կլինի և քիմքին և գրպանին, քանի որ լավ գինին ոչ միշտ է որոշվում այն գնով, որով այն վաճառվում է:

Վերջում ևս մեկ խորհուրդ` ընտրեք գինին, երբեք մի խնայեք հարսնացուի զգեստի և ծաղիկների հաշվին և վայելեք ՁԵՐ օրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով.

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>