Ինչպես պահել գինին բացված շշում

Որպես կանոն, գինով շիշը բացելուց հետո երեկոյի ընթացքում խմվում է մինչև վերջ: Սակայն այս կամ այն պատճառներից ելնելով` երբեմն բացված շիշը մնում է կիսատ: Կարծում եմ շատերին ենք հայտնի, որ գինին կիսատ չի կարելի պահել, քանի որ այն լինելով կենդանի օրգանիզմ` կարող է ենթարկվել ձևափոխությունների:Փակ շշում գինին կարող է պահվել տարիներ շարունակ եվ համապատասխան պայմանների ապահովման դեպքում այն նույնիսկ բարձրացնում է իր որակը:Սակայն շիշը բացելու պահից ստեղծվում է խիստ վտանգ գինու որակական հատկությունների վատացման եվ փչացման համար: Լավ գինու մեկ շիշը բավական թանկ է և ոչ ոք չի ցանկանա, որ ազնվական այս խմիչքի նույնիսկ մեկ կաթիլ անիմաստ կորչի:

Թե ինչքան կյանք ունի բացված շշով գինին իրականում կախված է շատ գործոններից. գինու տեսակից, համից, բույրերից, թնդությունից, մարմնեղությունից, տարիքից, պատրաստման վայրից և այլն:

Գինու գլխավոր թշնամին թթվածինն է, որը թափանցելով գինու մեջ սկսում է վնասել նրան: Թնդեցրած եվ հատուկ գինիները /խերես, պորտվեյն, մադերա, մալագա եվ այլ/ ավելի երկար կարող են դիմակայել թթվածնի կործանիչ ազդեցությանը կախված իրենց բաղադրությունից եվ հատկապես էթիլ ալկոհոլի բարձր պարունակությունից: Սակայն հանգիստ եվ ածխաթթու գազով հագեցած եվ գերհագեցած գինիները կարող են որակազրկվել նույնիսկ մեկ գիշերվա ընթացքում:

Հարկ է նշել, որ որքան շատ է գինու թթվածնի հետ շփման մակերեսը,այնքան արագ այն կենթարկվի անցանկալի փոփոխությունների,օրինակ, կիսով չափ դատարկ շշում գինին ավելի շուտ կփչանա, քան շշում, որից ընդամենը մեկ բաժակ են ըմպել: Թթվածնի շփումը գինու հետ պակասացնելու ամենապարզ միջոցներից մեկը շշում մնացած գինին ավելի փոքր տարայի մեջ լցնելն է: Կարելի է դանդաղացնել գինու որակազրկումը ամուր փակելով իր իսկ խցանով եվ տեղադրելով այն հով ու մութ տեղում, օրինակ՝ սառնարանում:

“Խաղացող” գինին առանց շատ ամուր խցանի կդառնա ոչ պիտանի արդեն մի քանի ժամ հետո: Լավ ամուր խցանի առկայության դեպքում այն կպահպանի իր հատկությունները առավելագույնը մեկ օր:

Սպիտակ եվ վարդագույն թեթեվ գինիները շիշը բացելուց հետո կարելի է պահել 1-3 օր: Նրանց թարմ մրգային բույրը սկսում է անհետանալ խցանը հանելուց հետո շատ կարճ ժամանակահատվածում:

Կարմիր անապակ գինիները՝ 1-ից 5 օր: Առաջին երկու օրվա ընթացքում կարմիր գինու շիշը կարելի է պահել սենյակային ջերմաստիճանի ներքո,սակայն հետո այն անհրաժեշտ է տեղափոխել սառնարան: Սկզբում թթվածինը նպաստում է այս գինիների բույրի բացահայտմանը, համի փափկեցմանը, սակայն մեկ կամ երկու օր անց սկսվում է նրա կործանարար աշխատանքը:

Թնդեցրած, քաղցր եվ հատուկ գինիները կարող են պահվել ավելի երկար:

Ինչ չի կարելի անել

Ոչ մի դեպքում չի կարելի տարբեր գինիների մնացորդները լցնել մեկ շշի մեջ, եթե իհարկե նպատակ չի հետապնդվում քացախ պատրաստել:

Որոշ ռեստորաններում հաճախ կարելի է պատվիրել մեկ կամ երկու գավաթ գինի: Նման տեղերում առկա են հատուկ սարքավորումներ որոնց օգնությամբ բացված շշի մեջ լցնում են իներտ գազ, որը դուրս է մղում թթվածինը, կամ օգտվում են հատուկ վակումային խցաններից, որոնց օգնությամբ շշից հեռացվում է թթվածինը: Այդ միջոցառումները երկարացնում են գինու կյանքի տևողությունը, սակայն ամեն դեպքում, լավ կլինի օգտագործել գինին հնարավորինս արագ: Եթե դա դժվար է անել, ապա հրավիրեք ընկերներին կամ գործածեք այն նրբահամ որևէ ուտեստ պատրաստելու համար:

Իսկ ֆրանսիացիներն ասում են, որ եթե գինին չեք ըմպել առաջին իսկ օրը, ապա չարժեր նույնիսկ բացել այն:

  1. Շատ հաջող բլոգ է, ողջունում եմ: Կայքը նույնպես: Անչափ ուրախալի է, որ հայ գինի արտադրողները լուրջ և պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում իրենց աշխատանքին: “Խաղացող” տերմինի փոխարեն ավելի հարմար կլինի օգտագործել “խաղուն” տերմինը (игристый и играющий), իսկ սառնարանը, կարծում եմ, պիտանի միջավայր չէ և ոչ մի գինու համար: Այնտեղ ջերմաստիճանը կազմում է մոտ + 2-3 C կամ փոքր-ինչ ավելի բարձր. այդ ջերմաստիճանները ցածր են համարվում ցանկացած գինու համար: Իսկ արդեն բացված գինու շշի պարունակությունը շատ դեպքերում հաջողությամբ կարելի է պահպանել ճկուն սկավառակների միջոցով :) Սպասում ենք նոր նյութերի :)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով.

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>