Գինու բաժակներ. ոսկե կանոններ

Ի՞նչ եք անում, երբ ցանկանում եք հաճելի երեկո անցկացնել: Տարբերակները շատ են, սակայն ամենատարածվածներից մեկն ընկերների հետ ընթրիք կազմակերպելն է: Որպեսզի այն ավելի հաճելի դառնա, խորհուրդ ենք տալիս ալկոհոլն ընտրելիս կանգ առնել գինու վրա:

Դուք, գինի ընտրելով, յուրահատուկ տոնայնություն եք փոխանցում երեկոյին: Էական է ամեն ինչ` ճաշկերույթի վայրից մինչև սպասք: Հայտնի է, որ յուրաքանչյուր ալկոհոլային ըմպելիք հատուկ բաժակով է մատուցվում: Սա հատկապես կարևոր է գինու պարագայում:

Համաձայն լեգենդի՝ ապակեգործ Կլաուս Ռիդելը մի երեկույթի ընթացքում նկատել է, որ մարդիկ նույն գինու մասին տարբեր կարծիք են հայտնում: Նրա ուշադրությունը գրավել է այն փաստը, որ նրանք գինին տարբեր ձևի և ծավալի գավաթներից են ըմպում: Այս դիտարկումից հետո, 1958-ին Ռիդելն ստեղծել է առաջին գավաթը՝ հատուկ բուրգունդյան գինու համար: Հետագայում փորձագետների օգնությամբ ստեղծվել են հատուկ գավաթներ նաև այլ կարմիր և սպիտակ գինիների համար: Այսպիսով ապակեգործը սահմանել է նոր չափանիշներ, որոնց մինչ օրս հետևում են գինու սիրահարները:

Եվ այսպես, ինչ չափսի, ձևի և ինչ ապակուց պատրաստված բաժակն է լավագույնս բացահայտում այս կամ այն գինու արժանիքները:

Կարմիր գինու գավաթ

Կարմիր անապակ գինին ըստ արժանվույն գնահատելու համար Ձեր ընտրած գավաթը պիտի առնվազն 600 մլ. ծավալ ունենա: Այս տեսակի գինիների համար նախատեսված գավաթների պատերը գրեթե չեն նեղանում եզրին մոտ և չեն կլորանում: Այս ձևը թույլ է տալիս գինուն հոսել ուղիղ լեզվի առջևի և կենտրոնական հատվածների վրա, որոնք զգայուն են հիմնականում քաղցր համերի նկատմամբ, ինչի հետևանքով առաջին կումն անելիս Դուք չեք զգում գինու թթու կամ տտիպ համը, այլ ըմբոշխնում եք մրգային բույրը: Այս տեսակ գավաթներն ունիվերսալ են և կարող են օգտագործվել գրեթե բոլոր տեսակի կարմիր գինիների համար:
Իսկ ահա հնացրած կարմիր գինին մատուցվում է ավելի փոքր ծավալի գավաթով, որի պատերը գնալով նեղանում են: Այն հարմար է նաև քաղցր ու կիսաքաղցր գինու համար: Բացատրությունը հետևյալն է` հնացրած գինու նուրբ բույրը կարող է փչանալ օդի հետ մեծ շփման հետևանքով, իսկ քաղցր գինու համն ավելի հավասարակշռված կթվա, եթե նեղ եզրի շնորհիվ հոսի դեպի լեզվի քաղցրի հանդեպ քիչ զգայուն հետնամասը:

Սպիտակ գինու գավաթ

Անապակ սպիտակ գինիները խորհուրդ է տրվում ըմպել դասական գավաթով, որի մասին արդեն խոսեցինք: Այն ևս պետք է ավելի փոքր ծավալի լինի` մինչև 340 մլ.: Սա պայմանավորված է նրանով, որ սպիտակ գինին ընդունված է ավելի սառը ըմպել, քան կարմիրը: Այսպիսով՝ գավաթը, փոքր չափսի շնորհիվ, արագ է դատարկվում և գինին չի հասցնում տաքանալ:

 

Շամպայն գինիների գավաթներ

Բոլորին հայտնի է շամպայնի համար նախատեսված գավաթի ձևը` ցածր և փռված պատերով: Համաձայն լեգենդի, առաջին նմանատիպ գավաթները պատրաստվել են շամպայնի մեծ սիրահար, Մարիա Անտուանետա թագուհու կրծքի ձևով: Այսօր նմանատիպ գավաթներն այլևս չեն օգտագործվում: Մասնագետները խորհուրդ են տալիս խաղացող գինիները լցնել նեղ ու երկար գավաթների մեջ: Լավ է, երբ եզրերը փոքր ինչ փռված են: Կարևոր է նաև, որպեսզի գավաթի հիմքում հատուկ փոսիկ լինի, որը կերկարացնի պղպջակների կյանքը Ձեր գավաթում:

Եվս մի քանի կարևոր հանգամանք

Կոպտագույն սխալներից մեկը, որ կարելի է թույլ տալ գինի հյուրասիրելիս` գավաթները մինչև եզր լցնելն է: Ցանկանալով սիրալիր և հյուրընկալ թվալ, Դուք ի ցույց կդնեք գինու համի հանդեպ Ձեր կատարյալ անտարբերությունը: Բացի նրանից, որ լիքը գավաթը շատ դժվար է ոտիկից բռնելով հավասարակշռության մեջ պահել, այն նաև շուտ կտաքանա: Ոսկե կանոնի համաձայն գինին հարկ է լցնել գավաթի մեկ երրորդ չափից քիչ ավելի, որպեսզի այն պտտաձև շարժելու հնարավորություն լինի: Գինին պտտաձև շարժում են, որպեսզի գինու մեջ առկա բորավետ նյութերը փոխազդեն օդի հետ և ավելի ըմբռնելի դառնան:

Դուք համոզված եք, որ գինու համար լավագույն գավաթները ճենապակո՞ւց են պատրաստված: Այդպես չէ: Նույնիսկ հակառակը` ցանկալի չէ, որ գինու բաժակը պատրաստված լինի ճենապակուց, քանի որ վերջինիս տեքստուրան ավելի կոպիտ է, քան հասարակ ապակունը, ինչի պատճառով գինին դժվար է սահում գավաթի պատերով և դժվարացնում գնահատել մածուցիկությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով.

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>