Հյուրընկալություն գինով` ինչպես ճիշտ և գեղեցիկ մատուցել գինին

Կար ժամանակ, երբ իրեն հարգող տանտերը անպայման պիտի մառան ունենար և գինիների հավաքածու` ցանկացած առիթով հյուրեր ընդունելիս սևերես չմնալու համար: Սակայն այսօր գինու հետ կապված ավանդույթներն այնքան էլ ուժեղ չեն և միայն գինու մոլի սիրահարներն են մանրակրկիտ հետևում գինու էտիկետին: Եթե մեր ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր ամեն դեպքում հետաքրքրվում են գինին ճիշտ մատուցելու և խմելու պրակտիկ “օրենքներով”, այս հոդվածը ձեզ համար է:

Գինին` Ձեր սեղանին

Այս մեկը բոլոր կանոններից երևի թե ամենա զվարճալին է, քանի որ խոսքը գնում է գինու և սփրոցի գույների համադրության մասին: Կարմիր, վարդագույն և սպիտակ գինիների տարբեր տեսակներն ունեն իրենց յուրահատուկ երանգները: Սպիտակ գինիներին բնորոշ են կանաչավուն, ոսկեգույն և դեղին երանգները, կարմիրներին` մանուշակագույն, ալ կարմիր և կարմրանարնջագույն: Այս պարագայում կարևորություն է ստանում սփրոցի գույնը` մուգ գույնի սփրոցը թույլ չի տա ճիշտ ընկալել գինու երանգը, փոխարենը արժի ընտրել ճերմակ, վարդագույն կամ դեղնավարդագույն սփրոց:
Գունային համադրության հարցը լուծելուց հետո գինու շիշը պետք է դնել սեղանին: Գինու համար նախատեսված հատուկ զամբյուղների մեջ շիշը կիսաուղղահայաց դիրք է ընդունում և նստվածքը չի խառնվում հեղուկին: Ի դեպ, որպեսզի մինչ խմելու բուն գործընթացին անցնելը նստվածքը հասցնի նստել շշի հատակին, խորհուրդ է տրվում շիշը նախօրոք դնել սեղանին:
Գինին մատուցվում է հատուկ տվյալ տեսակի համար նախատեսված գավաթով: Խորհուրդ չի տրվում տարբեր գինիներ միևնույն գավաթից ըմպել, չէ որ այլ գինու նույնիսկ չնչին զանգվածը, որ մնում է բաժակի պատերին, ընդունակ է փոխել լցվող մեկ այլ գինու համը: Աշխատեք Ձեր ունեցած գինիների տեսակներին համապատասխանող գավաթներ դնել սեղանին`դասավորելով դրանք ըստ բարձրության մեծից փոքր` ձախից աջ, իսկ առաջինը դնել ջրի համար բաժակը:

Ինչպես բացել շիշը

Կարմիր գինին պետք է բացել մատուցելուց մեկ ժամ առաջ, որպեսզի այն «շնչի»: Այս նուրբ գործընթացը որոշակի հմտություններ է պահանջում: Սխալ հեռացնելով խցանի ծածկույթը Դուք կփչացնեք շշի տեսքը, ինչը ցանկալի չէ: Մասնագետը, սովորաբար հատուկ դանակով հեռացնում է խցանի ծածկի վերին մասը`կտրելով այն եզրից մի փոքր ավելի ցածր: Եզրը կարևոր է ազատել թիթեղյա ծածկույթից, քանի որ վերջինս շփվելով գինու հետ ևս կարող է վնասել դրա համին: Երբեմն, հատկապես հնեցված գինիների դեպքում, խցանն ու շշի եզրը կարող են կեղտոտ լինել, այդ դեպքում անհրաժեշտ է սրփել դրանք խոնավ մաքուր կտորով:
Գինու շիշը բացելիս օգտվում են պտուտակավոր բացիչից, որը հնարավորություն է տալիս նրբորեն վարվել շշի հետ և չթափահարել այն ավելորդ անգամ: Բացիչի պտուտակը ոչ մի դեպքում չպիտի դուրս գա խցանի հակառակ կողմից, քանի որ այդպիսով վերջինիս փշուրները կհայտնվեն գինու մեջ և կփչացնեն նրա համը: .

Խցանը զգուշորեն հեռացրեք, իսկ շշի եզրը` սրփեք: Եթե ուզում եք ցնցել Ձեր հյուրերին գինու էտիկետի իմացությամբ, ապա կարող եք դրանից հետո ևս մեկ անգամ խցանի չոր մասով անցկացնել շշի եզրով` կտորե կամ թղթե անձեռոցիկից մնացած մազմզուկները հեռացնելու համար: Վերջում չմոռանաք ուշադիր զննել խցանը` եթե այն պարունակում է բորբոսի հետքեր, ապա գինին չարժի մատուցել հյուրերին:

Ինչպես վարվել շշի հետ

Գինին բաժակների մեջ լցնելիս շիշը պետք է բռնել հիմքից, այնպես, որ պիտակը երևա: Տգեղ է համարվում բռնել շիշը վզիկից, անհեթեթ է նաև մատը տեղադրել շշի հատակին գտնվող փոսիկի մեջ: Բաժակները լցնում են աջից, ոչ ավել քան բաժակի մեկ երրորդի չափով: Շշի և բաժակի եզրերը չպետք է դիպչեն իրար:

Ինչպես վարվել բաժակի հետ

Անհարմար վիճակում չհայտնվելու համար բաժակը պետք է ամուր բռնել: Սակայն գինի ըմպելիս ընդունված չէ գավաթից բռնել, բաժակը սովորաբար բռնում են ոտիկից, երեքից հինգ մատներով` կախված գավաթի չափսից: Երբեմն, չափազանց հովեցրած կարմիր գինիով բաժակը թուլատրելի է պահել ափերի մեջ` գինին տաքացնելու համար, սակայն ապակու վրա մարմնի և ըմպելիքի ջերմաստիճանի տարբերության հետևանքով կարող են հետքեր մնալ:

Սեղանի շուրջ

Գինին հատուկ վերաբերմունք պահանջող ըմպելիք է, թերևս նույնքան, որքան այն անձը, որի հետ որոշել եք կիսել այն: Քանի որ թե առաջինը, և թե երկրորդն արժանի են անհատական ուշադրության, մի խոսեք, եթե լիքը բաժակն արդեն Ձեր ձեռքում է, ընդհատեք զրույցը, կում արեք, և միայն դրանից հետո շարունակեք խոսակցությունը: Եթե հենց այդ պահին Ձեզ հարց է ուղղվում, պետք է դնել բաժակը սեղանին և պատասխանել: Գինին ընդունված է ավելացնել միայն դատարկ բաժակի մեջ: Կիսով չափ դատարկված բաժակի մեջ գինի ավելացնելը հյուրին կարող է հարկադրական թվալ: Իսկ որոշ ժամանակով սեղանի մոտից հեռացած մարդու բաժակն առհասարակ ընդունված չէ լցնել:

Հերթականություն

Դուք լուրջ եք մոտեցել հյուրընկալության համար գինիների ընտրության հարցին և լայն տեսականի պատրաստել: Այդ դեպքում ի նկատի ունեցեք մասնագետների շրջանում ընդունված` գինիները փորձելու հերթականությունը, որը հիմնվսծ է բարդից պարզ սկզբունքի վրա.
Սկզբում մատուցվում է սպիտակ գինին, հետո` կարմիրը
Սկզբում ավելի երիտասարդը, հետո` հնեցվածը
Սկզբում անապակը, հետո` քաղցրը
Սկզբում թույլը, հետո` թնդեցվածը

Ֆրանսիացիներն ասում են, որ սպիտակ գինիները ստեղծված են ծարավը հագեցնելու համար, կարմիրները` հաճույքի, իսկ վարդագույնները` սիրո: Թող այս խորհուրդները չշեղեն Ձեզ գինի խմելու և մտերիմների հետ ընթրելու հաճույքից, այլ էլ ավելի գեղեցկացնեն շփումը գինու հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով.

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>