Գինու աճուրդներ` ինչու և ինչպես են դրանք կազմակերպվում

Լեգենդին համաձայն, Կլեոպատրան հյուրընկալության ժամանակ գինու մեջ մարգարիտներ էր լուծում`ցանկանալով ընդգծել սեփական շռայլությունն ու Եգիպտոսի հզորությունը: Այսօր դրա կարիքը չկա, քանի որ գոյություն ունեն այնքան թանկ գինիներ, որ կարող են ինքնին ի ցույց դնել իրենց տիրոջ հնարավորությունները և կյանքը վայելելու արվեստին ծանոթ լինելը: Նման գինիները, սակայն, ձեռք չեն բերվում խանութներից: Դրանց վաճառքի համար հատուկ աճուրդներ են կազմակերպում:

Գինու աճուրդների պատմությունից

Ժամանակին գինու աճուրդները գինեգործների և գինեվաճառների, կամ նրանց գործակալների հանդիպման վայրն էին: Միջնադարում աճուրդները խոշոր առևտրական նավահանգիստներում էին կազմակերպվում, ուր աշխարհի տարբեր ծայրերից մեծ քանակությամբ գինի էր բերվում: Քանի որ այն մեծ տակառներով էր տեղափոխվում և վաճառվում, աճուրդին չէին մասնակցում անհատ գնորդներ, դրանք հետաքրքրում էին միայն վերավաճաոողներին: Խցանով շշերի ի հայտ գալու պահից գինու աճուրդների համար նոր դարաշրջան սկսվեց: Շշում գինին ավելի երկար էր պահպանվում և ավելի դանդաղ զարգանում, ինչի շնորհիվ գինեգործության լավագույն նմուշները չափազանց արժեքավոր ապրանքի վերածվեցին, որն այլևս հավասարեցվում էր արվեստի նմուշի:

Ինչու են գինու աճուրդները գրավում մարդկանց

Այսօր մարդիկ գինու աճուրդներին մասնակցում են տարբեր պատճառներով` ռեստորանների և հյուրանոցների տերերը ցանկանում են ընդլայնել բարձրակարգ գինիների իրենց տեսականին, ոմանք ցանկանում են գինիների հավաքածու ստեղծել, կամ հարստացնել եղածը: Որոշ գործարարներ թանկարժեք գինիները գումար ներդնելու լավ օբյեկտ են համարում, քանի որ ժամանակի ընթացքում դրանց գինը միայն աճում է: Կան նաև այնպիսիք, ովքեր, աճուրդներում էլիտար գինիներ ձեռք բերելով, ցանկանում են հաստատել սեփական դիրքը հասարակությունում:

Գների գոյացումը

Բնականաբար, եթե իրոք մտադիր եք գումար վաստակել գինու աճուրդներին մասնակցելով, ստիպված կլինեք անընդհատ հետևել գինու շուկայում կատարվող փոփոխություններին, քանի որ այն աշխարհում ամենա անկանխատեսելիներից մեկն է: Արդարացի կլինի նշել, որ աճուրդի առարկա է հանդիսանում ոչ թե գինին, այլ վինտաժը, այսինքն` դրա արտադրության տարեթիվը: Նրանք, ովքեր en primeur, այսինքն դեռևս տակառում հասունացող գինի են ձեռք բերել 1982-ին, 1986-ին կամ 1990-ին ստացված բերքից ահռելի շահույթ են ստացել, քանի որ դրանց արժեքը մի քանի տարվա ընթացքում աճել է 1000 տոկոսով: Իսկ օրինակ նրանք, ովքեր ընտրել էին 1997 թվականը` խաբված են մնացել, քանի որ գինու որակը այդ տարի գերագնահատվել էր և այն կտրուկ էժանացել էր: Սակայն սրանք խաղի կանոններն են` եթե կան հաղթողներ, պարտվողներ ևս պիտի լինեն: Աճուրդից գինի գնելու դեպքում պետք է հաշվի առնել, որ բացի գինու արժողությունից անհրաժեշտ է վճարել կազմակերպիչներին, ինչպես նաև հարկային մարմիններին և ապահովագրող ընկերություններին:

Գինու առաջատար աճուրդի տներ

Գինու աճուրդներ կազմակերպող աշխարհի խոշորագույն տները բրիտանական Christie’s-ն ու Sotheby’s-ն են, ինչը զարմանալի չէ, քանի որ նրանք սկսել են գինու աճուրդներ կազմակերպել, երբ արդեն բավական հայտնի էին և հաճախորդների լայն ցանց ունեին: Այն փաստը, որ նրանք աշխատում են միևնույն տարածաշրջանում, ստիպում է կազմակերպիչներին մրցել միմյանց հետ և գնորդներին առաջարկել միայն չափազանց արժեքավոր և հազվադեպ նմուշներ: Իսկ ԱՄՆ-ում վերջին տարիներին ամենից մեծ հասույթը գինու վաճառքից ստանում են Acker Merrall & Condit, Zachys և HartDavisHart աճուրդի տները:

Նախնական համտեսում

Գաղտնիք չէ, որ աճուրդում վաճառվող որոշ գինիներ այնքան հին են, որ դրանց պիտանելիությունը կարող է կասկածի առիթ տալ: Նույնիսկ մոռանալով այն փաստը, որ դրանք սովորաբար խմելու համար չեն գնում, անիմաստ է կանխավ փչացած ըմպելիք գնել: Այս իսկ պատճառով խոշոր աճուրդի տները նախնական համտեսում են կազմակերպում խոստումնալից հաճախորդների համար: Դրանք սովորաբար վճարովի են լինում, սակայն գումարն ավելի քան արդարացված է, եթե հաշվի առնենք, որ հաճախորդը միգուցե եզակի հնարավորություն է ստանում հաղորդակցվելու լեգենդար նմուշներին:

Օնլայն աճուրդներ

Գինու աճուդները կազմակերպվում են զարգացած և հարուստ երկրներում, որոնց քաղաքացիները բավականաչափ վճարունակ են: Հաշվի է առնվում նաև գինու հետ կապված ավանդույթների և մշակույթի մակարդակը: Պարզ է, որ Հայաստանում դեռևս գինու աճուրդներ չեն անցկացվում: Սակայն նոր տեխնոլոգիաները վաղուց ջնջել են սահմանները և ցանկացողները կարող են օգտվել օնլայն աճուրդների ծառայություններից: Դրանց առավելությունը 24 ժամյա ընթացքն է, ինչպես նաև այն, որ այստեղ կարելի է ձեռք բերել ոչ էլիտար, սակայն ոչ պակաս հետաքրքիր նմուշներ: Բարձրակարգ գինիներ այստեղ ևս կարելի է ձեռք բերել, սակայն առցանց աճուրդներն ավելի քիչ վստահություն են վայելում:

Աշխարհի ամենաթանկ գինու շիշը

Գինու աճուրդների պատմության մեջ ամենաթանկ գործարքներից մեկը միևնույն ժամանակ ամենա անհեթեթն է համարվում: 1985 թ. Լոնդոնում Christie’s աճուրդի տունը առաջարկել էր իր հաճախորդներին 1787-ի Chateau Lafite-ի մեկ շիշ: Խելահեղ պայքարի արդյունքում դրա գինը հասել է 150 000 դոլարի: Ըստ վկաների հուշերի, աճուրդի գլխավոր մասնակիցները կարծես չէին գիտակցում, թե ինչ է կատարվում այնտեղ: Այդ պահին պայքարում մնացել էր գինու աշխարհում մեծ հեղինակություն վայելող Wine Spectator պարբերականի հրատարակիչ Մարվին Շենկենը և ոչ պակաս հայտնի Forbes ամսագրի հրատարակչի որդի Քրիսթոֆեր Ֆորբսը, որը և ստացել է գինին 156 450 դոլարի դիմաց: Եզակի լոտի հետագա ճակատագիրը թերևս զարմանքի է արժանի: Ֆորբսը տեղադրել է շիշը իր աշխատասենյակում`հատուկ լուսավորված ապակյա տուփի մեջ, ըստ երևույթի, ցանկանալով այն լավագույնս ցուցադրել: Երկու տարի անց լամպերի ջերմությունից գինու շշի խցանը չորացել է և ընկել գինու մեջ, վերածելով այդ պահին ամենաթանկ գինու շիշը ոչինչ չարժեցող թթվահամ հեղուկով տարայի: Աշխարհում գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք շատ հին վինտաժների «պահապանների» դերում են հանդես գալիս և պաշտպանում դրանք ոչնչացումից: Սակայն քանի դեռ կան գինու մեծահարուստ սիրահարներ, աճուրդները բարգավաճելու են, և շարունակելու ահռելի շահույթ ստանալ, քանի որ սերը գինու հանդեպ և հարստանալու ցանկությունը միախառնվելով անկառավարելի կրքի են վերածվում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով.

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>