“Գինեսեր” երկրների վիճակագրությունը

Գինին մարդկությանը հայտնի ամենահին ըմպելիքներից է: Այն տարածված է ամբողջ աշխարհում և հայտնի բոլոր ժողովրդներին տարբեր անվանումներով: Սակայն ավանդական խաղողի գինին առավել ճանաչում է վայելել և դարերի ընթացքում իր շուրջ հավաքել մարդկանց ամենատարբեր առիթներով: Կան երկրներ, որտեղ գինին նույնիսկ սննդակարքի անբաժանելի մասն է: Այս ամենը հաշվի առնելով` ցանկանում ենք այսօր խոսել «ամենագինեսեր» ժողովրդների մասին և այն երկրների, որտեղ գինին հարգի չէ: Այս հարցերի պատասխանները օգնում են ստանալ վիճակագրական տվյալները:

Գինի արտադրող երկրները միևնույն ժամանակ գինու ամենախոշոր սպառող են հանդիսանում: Եվրոպայում օգտագործում են ամբողջ աշխարհում արտադրվող գինու 66%-ը: Ընդ որում, նույնքան գինի էլ արտադրվում է այստեղ: Կան նաև այսպես կոչված “դոնոր” երկրներ, որոնք գինի են մատակարարում այն աշխարհամասեր, որտեղ գինեգործությունը զարգացած չէ: Ամենախոշոր ներկրողներն են Հյուսիսային Ամերիկան և Ասիան, իսկ ամենից շատ գինի արտահանում են Հարավային Ամերիկայից, Աֆրիկայից, Ավստրալիայից և Նոր Զելանդիայից:

Հաջորդ կարևոր հանգամանքը կլիման է, որից ուղղակիորեն կախված է ոչ միայն խաղողի որակը և գինեգործության զարգացումը, այլև ըմպելիքի գործածման մշակույթը: Բնականաբար, գինին առավել տարածված է հարավային երկրներում, քանի որ հյուսիսային, ցուրտ երկրներում մարդիկ նախընտրում են ավելի թունդ ալկոհոլային խմիչքներ` օղի, կոնյակ, վիսկի և այլն:

Ամենահեղինակավոր ցուցակներից մեկը կազմել է Vinexpo-ն, որի անցյալ տարվա վարկանիշը մի շարք բացահայտումների առիթ է տվել:Եվ այսպես, ամենից շատ գինի օգտագործող երկրների առաջին տասնյակը հետևյալ տեսքն ունի.

  1. Իտալիա
  2. Ֆրանսիա
  3. Գերմանիա
  4. ԱՄՆ
  5. Մեծ Բրիտանիա
  6. Չինաստան
  7. Արգենտինա
  8. Իսպանիա
  9. Ռուսաստան
  10. Ռումինիա

Այո, որքան էլ զարմանալի չէ, հենց այսպես են բաշխվել տեղերը և մինչ այժմ գինի օգտագործող ամենաառաջատար երկիրը` Ֆրանսիան, իր տեղը զիջել է Իտալիային:

Այս երկու երկրներում էլ յուրաքանչյուր մարդ միջինում տարեկան 50 լիտր գինի է խմում: Ֆրանսիացիների գրեթե 70%-ը բոլոր այլ խմիչքների շարքում նախապատվությունը հենց գինուն է տալիս, մինչդեռ հարգի են նաև կոնյակը, արմանյակն ու կալվադոսը: Ֆրանսիան այսօր հայտնի է հիմնականում արտադրվող գինու որակով: Հենց Ֆրանսիայում  են ծնվում աշխարհի լավագույն գինիները: Սակայն վերջին տարիներին այստեղ կրկնակի կրճատվել է գինու գործածումը: Պատճառը թերևս կարող է լինել առողջ ապրելակերպի քարոզումը, ժամանակակից կյանքի դինամիկան և ալկոհոլի գովազդի խիստ սահմանափակումը:

Իսկ Իտալիայում գինու հիմնական գործածողները տարեցներն են: Ըստ վիճակագրության 65 տարեկան և ավել իտալացիների մեծամասնությունը օրական մեկ գավաթ գինի է ըմպում, մինչդեռ մինչև 35 տարեկան երիտասարդների միայն շատ փոքր տոկոսն է խոստովանում, որ հակված է ամեն օր գինի օգտագործել: Այսպիսով կարելի է ակնկալել, որ մոտակա տարիներին վիճակագրությունը կարող է լիովին այլ տեսք ստանալ, սակայն, Vinexpo–ի կանխատեսումներին համաձայն Ֆրանսիան դժվար հնարավորություն ստանա վերադառնալու առաջին հորիզոնական, քանի որ այն պիտի զբաղեցնի…ԱՄՆ-ն:

Չնայած 300 մլն. բնակչություն ունեցող ԱՄՆ-ում յուրաքանչյուր մարդ միջինում տարեկան ընդամենը 9,73 լիտր գինի է գործածում, մասնագետները պնդում են, որ հենց ԱՄՆ է մոտակա տարիներին դառնալու ամենից շատ գինի գործածող և արտադրող երկրներից մեկը:

2010-ին լրացել է 20 տարին, ինչ CBS հեռուստաալիքով «60 րոպե» հաղորդման ընթացքում առաջին անգամ հիշատակվել է առողջության համար գինու օգտակարության և այսպես կոչված «ֆրանսիական պարադոքսի» մասին: Այդ պահից ի վեր ամերիկացիների հետաքրքրությունը գինու հանդեպ տարեց տարի աճում է:  Դեռևս 40 տարի առաջ ԱՄՆ-ում բավական բարդ խնդիր էր լավ գինի գնելը, սակայն այսօր գինեգործությունը Նահանգներում սրընթաց զարգանում է: Ամերիկացիների օգտագործած գինու 2/3-ը արտադրվում է երկրի ներսում:

Համաձայնեք, որ ամենից անսպասելի հորիզոնականներից մեկն այս ցուցակում վեցերորդն է, որը պատկանում է Չինաստանին: Ահռելի բնակչություն ունեցող երկրում բարձր արագությամբ զարգանում է գինեգործությունը և մեծանում ներկրվող գինիների ծավալը: Ըստ մասնագետների այն ևս մոտակա տարիներին պիտի մոտենա առաջատարների եռյակին: Չինաստանում նախընտրում են կարմիր և սպիտակ գինիները, դեռևս անտեսելով պղպջակավոր գինիների տեսակները, ինչը զարմանալի չէ, քանի որ առհասարակ, ամբողջ աշխարհում օգտագործվող գինու 92,6 %-ը կազմում են հանգիստ և թեթև գինիները:

Պղպջակավոր գինիներն ամենապահանջվածն են Գերմանիայում: Երկրորդ տեղում բնականաբար Ֆրանսիան է, որին հետևում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Ավստրալիան, Ուկրաինան և Լեհաստանը:

Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև Գերմանիայում  և Ռումինիայում, նախապատվությունը տալիս են սպիտակ գինուն: Հետաքրքրությունն աճում է նաև վարդագույն գինիների հանդեպ, իսկ ահա կարմիր գինիները զիջում են դիրքերը նաև այս երկրներում:

Իսպանիայում գինու հանդեպ սիրո անկման վրա լրջորեն ազդել է տնտեսական վիճակը: Բնակչության մեծամասնությունն անցնում է ավելի էժան գինիների, իսկ երիտասարդները առհասարակ հրաժարվում են ազնվական ըմպելիքից:

Ժամանակին Մարկ Տվենի շնորհիվ հայտնի է դարձել Բենջամին Դիզրաելի արտահայտությունն այն մասին, որ գոյություն ունի սուտ, անամոթ սուտ և վիճակագրություն:

Կարևորն այս հարցում կարծում ենք մտերիմների և աշխարհի ամենաջերմ ըմպելիքի ընկերակցությամբ անցկացրած յուրաքանչյուր երեկոյից մնացած ջերմ հիշողություններն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով.

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>